Արցախը յուրաքանչյուր արժանապատիվ հայի սրտի զարկն է, և յուրաքանչյուր զարկը հանուն Արցախի նահատակված հերոսի անունն ունի:
Նրանցից շատերը մնացին հավերժ դիրքապահներ` Արցախի Հողում` իրենց վստահված մարտական դիրքերում:
Լուսանկարի հերոսը Արթուր Խաչատրյանն է, ում իր երազանքները տանում էին իրավագիտության ոլորտ:
Սակայն դարձավ Արցախի Պաշտպանության Բանակի սպա։ Հայրենապաշտությունը նրա ողջ էությունն էր։ Եվ ծառայությանն էլ նվիրված էր անմնացորդ։
Արցախցու անկոտրում ոգին մենք տեսանք անգամ պատերազմից հետո, երբ թշնամու կողմից տոտալ շրջափակման մեջ էր բռնազավթված Արցախը։
Արցախը պայքարում էր, և շատ արցախցիներ ինձ համար դարձան մեր պայքարի սիմվոլները:
Հիշու՞մ եք արցախցի մեր հայուհուն` ՀԵՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Ասկերանից, ով փակել էր թշնամու «հումանիտար» ուղեբեռների ճանապարհը, ցույց տվել հայի պատվախնդրությունը։ Եվ նրա խոսքը որպես կարգախոս դարձավ բազմաթիվ օգտատերերի դիմագրքի էջերի գլխագիրը.
-Կմեռնեմ սոված, բայց թշնամու հաց չեմ ուտի։
Սա ասում էր արցախցի հայուհին` Հերմինե Խաչատրյանը, ում եղբայրը` Արթուր Խաչատրյանը, ևս անմահացել է պատերազմում։
Հետո ավելի մոտիկից էի բացահայտելու Հերմինե Խաչատրյանին, նրա անմահացած հերոս եղբորը։
Հունիսի 4-ին մեր անմահացած հերոս` ԱՐԹՈՒՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ կդառնար 35 տարեկան:
Այսօր որևէ հայ հնարավորություն չունի` այցելելու նրա շիրիմին:
Մեր հերոսը մնացել է Արցախում:
Բայց նրա անունը պիտի գրվի ամենքիս սրտում` ի թիվս մեր բոլոր անմահացած եղբայրների։
Հիշենք նաև Արթուր Խաչատրյան հերոսի անունը, ում շիրիմը պիտի պայքար ու վրեժ ծնի, և արցախցին, այո, պիտի վերադառնա իր պատմական բնօրրան, որը Մեծ Հայքի 10-րդ նահանգն է։
Հերոս Արթուր Խաչատրյան. անուն, որը գրվելու է մեր անմահ քաջերի հավերժության լուսամատյանում։
Դյուրին չի եղել նրա կյանքը։ Բայց դա չխանգարեց նրան լինել անկոտրում, լուսավոր մարդ։ Հերոսի քույրը` Հերմինե Խաչատրյանը, ամեն առիթով պատմում է եղբոր մասին, պատմում է, որ բոլորն իմանան, թե ո՛վ է եղել Արթուր Խաչատրյան հայորդին, զինվորն ու սպան, իսկ իր համար` Արթուրիկ եղբայրը:
Եվ հնարավոր չէ առանց ազդվելու լսել հերոսի կյանքի պատմությունը` իր դժվարին մանկությունից մինչև անմահություն:
Ներկայացնում եմ քրոջ` Հերմինե Խաչատրյանի սրտի խոսքը:
-Եղբայրս ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին։ Շատ դժվար ճակատագիր է ունեցել Արթուր եղբայրս։ Շատ փոքր էինք, երբ ինձ ու եղբորս մեր հարազատները տարան, հանձնեցին մանկատուն։
Արթուրս չորս տարեկան էր, իսկ ես` երեք: Չգիտեմ` հետո հայրս որտե՞ղ գնաց, բայց մայրս շատ երիտասարդ տարիքում հիվանդացավ ու մահացավ։
Արցախյան պատերազմը վերջացավ: 1990-ականներին արցախցի Շուշիկ ու Վալերիկ ամուսինները եկան Հայաստան` մանկատներից մեկից երեխա որդեգրելու։ Եվ նրանք դարձան իմ ու եղբորս ծնողները։ Մեզ որդեգրեցին ու տարան Արցախ: Կարծես ամեն ինչ շատ լավ էր ընթանում, որ ունենք երկրորդ ծնողներ:
Եվ մենք, իսկապես, երջանիկ էինք։
Սակայն ճակատագիրն այս անգամ էլ չխնայեց մեզ. երկրորդ մոր քաղցրությունը դեռ չճաշակած` Արթուրս ու ես նորից որբացանք:
Մահացավ երկրորդ մայրս:
Տարիներ հետո էլ` մեր երկրորդ հայրը հիվանդացավ ու մահացավ:
Անցնում էին տարիները, Արթուրս ու ես էլ հետն էինք մեծանում։
Արթուրս ավարտեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը։
Դպրոցն ավարտելուց հետո Արթուրս ընդունվեց Արցախի պետական համալսարան` որպես իրավաբան։ Սովորեց սիրով ու բարձր առաջադիմությամբ։ Ավարտելուց հետո իր մասնագիտությամբ չկարողացավ գործ գտնել, տեղ չկար, հաստիք չկար:
Եվ նա ընտրեց զինվորականի ուղին։ Արթուրիկս ծառայության անցավ Ասկերանի Տանկային զորամասում՝ որպես լեյտենանտ։ Եվ կարճ ժամանակում` որպես լավ զինծառայող ու բարեխիղճ սպա, իր կոչումը բարձրացրեցին:
Շուտով իրեն Ասկերանից տեղափոխեցին Ստեփանակերտի Ցոր զորամասը, որտեղ էլ շարունակեց իր զինվորական ծառայությունը։
Արթուրիկիս շատ խելացի ու անվախ սպա էր, ուներ ջոկատ, և ուներ զինվորներ, ովքեր շատ լավ էին կատարում իրենց պարտականությունները Հայրենիքի նկատմաբ:
Եկավ 2020 թվականը։ Սկսվեց 44-օրյա պատերազմը։
Արթուրիկս առավոտ կանուխ էր վեր կացավ, գնաց իր զինվորներին վերցրեց ու իջավ դիրքեր:
Արդեն թեժ մարտեր էին ընթանում:
Կարախան բելի, Վարանդայի հատվածում Արթուրիկս մարտական գործողության ժամանակ գլխից վիրավորում ստացավ:
Որոշ ժամանակ հետո Արթուրիկիս անգիտակից վճակում գտան:
Գայլերը հոշոտել էին նրա մարմինը:
Այսպիսի ծանր ճակատագիր բաժին հասավ իմ Արթուրիկին:
Միայն մեր շատ հարգելի Մարտիկ եղբոր որոնումների ու ջանքերի շնորհիվ վերջապես գտանք Արթուրիկիս։ Մարտինը գտավ եղբորս ու բերեց:
Հուղարկավորեցինք Արցախի եղբայրական գերեզմանոցում:
Եղբայրս չկոտրվող ու չհանձնվող տեսակ էր։ Երբեք իր հոգու կորովը չկորցրեց` չնայած իր ապրած ծանր ու դժվարին մանկությանը։ Նա քաջ էր ու խիզախ։ Եվ հայրենապաշտ լինելը նրա գաղափարն էր։ Նա միշտ կմնա իմ հերոսը` և որպես եղբայր, և որպես Պաշտպանության Բանակի սպա:
Արցախը մեզ համար երբեք անցյալ չի դառնալու։ Եվ ամեն անգամ, խոսելով Արցախի ու մեր հերոսների մասին, միշտ հիշում եմ Հրանտ Մաթևոսյանին։
Մեծանուն գրողին հարցրել էին, թե Վանը Թուրքիայու՞մ է։
Պատասխանել էր.
-Ոչ, թուրքերն են Վանում։
Այո, թշնամին է Վանում ու Արցախում։
Բայց, մե՛նք ենք այնտեղ ներկա` հոգով ու գաղափարով։ Գալու է պատմական արդարության ժամը։ Եվ ոչ մի ուժ չի կարող հոգևոր-գաղափարական դաշտից ջնջել մեր իրական Հայրենիքի քարտեզը` թշնամուց բռնազավթված իր բոլոր հատվածներով։ Արցախի վերազատագրում լինելու է, և սա մեր անմահների հրամանն է պայքարի դժվարին ճանապարհին:
Շնորհավոր երկնային ծնունդդ, մեր հավերժ ներկա հերոս` Արթուր Վլադիմիրի Խաչատրյան:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ